Տոնական երեկույթ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին – ապրիլի 5, 2011 թ.

Ապրիլի 7-ը` Մայրության և գեղեցկության տոնը, Հայաստանում նշվող ամենագեղեցիկ
տոներից մեկն է:


Լինելով ազգային և ավանդական արժեքների պահպանության ջատագովը, կարևորելով պետության հզորացման գործում հատկապես կնոջ և ընտանիքի դերը, Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը և «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը չէին կարող անուշադրության մատնել մայրերին և կանանց նվիրված գարնանային այս գեղեցիկ տոնը: Երևանի Արաբկիր վարչական շրջանում աշխատող ու բնակվող անվանի կանայք, արվեստի գործիչներ, դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, բազմաթիվ վաստակաշատ ուսուցչուհիներ, պետական ծառայողներ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հրավիրվել էին տոնական երեկույթի: Հիմնադրամի հիմնադիր Արտակ Սարգսյանը սրտանց շնորհավորելով մայրերին և կանանց, մասնավորապես նշել է. «Հայ հասարկության հիմքը ընտանիքն է, իսկ ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ազգային, ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը մեծապես պայմանավորված է ձեզանով: Հարգարժան մայրեր, սիրելի տիկնայք, մաղթում եմ ձեզ անսահման սեր, ընտանեկան ջերմություն և խաղաղություն, թող որ դուք միշտ ժպտաք, վայելեք միայն երջանկության պահեր, ունենաք ամուր ընտանիք, սիրող ամուսին և երջանիկ զավակներ»:


Երեկոյի մասնակիցներից շատերն անկեղծանալով նշում էին, որ այսօր ունենալով բազմաթիվ խնդիրներ, հաճախ մոռանում են իրենց նվիրված տոնի մասին, ուստի խիստ գնահատելի են համարում նման նախաձեռնություններն ու հատկապես այն տղամարդկանց, որոնք դարձրեցին այդ հինալի օրն անմոռանալի: Այդուհանդերձ, լիովին մոռանալ խնդիրների մասին չհաջողվեց: Միջոցառմանը մասնակցող կանանցից մեկն իր ելույթի ժամանակ` շնորհակալական խոսքեր հնչեցնելուց հետո, մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երիտասարդությանը առնչվող խնդիրներին, մասնավորապես,աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերին, նշելով, որ երիտասարդները հաճախ գործազուրկ են դառնում, քանի որ չեն տիրապետում օտար լեզուների և համակարգչային հմտությունների: Վերջինս կոչ արեց ներկաներին մտածել տարածքում համապատասխան կրթական կենտրոն ստեղծելու մասին:


Բարձրացված հարցը հրատապ և չափազանց կարևոր hամարելով` անմիջապես արձագանքեց Արտակ Սարգսյանը: Նա խոստացավ, որ առաջիկայում իր իսկ նախաձեռնությամբ Արաբկիր վարչական շրջանում կբացվի ուսումնական կենտրոն, որտեղ տարածքում բնակվող երիտասարդները հնարավորություն կունենան «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ լիովին անվճար սովորել լեզուներ և ձեռք բերել համակարգչային գիտելիքներ: Այս անսպասելի հայտարարությունն անչափ ուրախացրեց և ոգևորեց երեկույթի բոլոր մասնակիցներին:

Մայրության և գեղեցկության տոնական օրվա առիթով կազմակերպված հիանալի այս միջոցառումը ոչ միայն բարի և անմոռանալի հուշեր թողեց բոլորի սրտերում,այլև շատ հրատապ մի խնդրի լուծման առիթ դարձավ:

Комментариев нет:

Отправить комментарий