Ծառատունկ Արաբկիրում - 26 մարտի, 2011թ.

Ծառատունկ Արտակ Սարգսյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ

Ս.թ. մարտի 26-ին և 27-ին Արաբկիր վարչական շրջանի ավելի քան տասը բակերում «Արտակ Սարգսյան» հիմնադրամը կազմակերպել էր ծառատունկ և բակերի մաքրման աշխատանքներ: Ծառատունկին մասնակցում էին ավելի քան 90 երիտասարդներ: Տեսնելով իրենց բակերում եռանդով և մեծ ոգևորությամբ աշխատող մարդկանց` հարակից շենքերի բնակիչները ևս ներգրավվեցին այդ աշխատանքներին: Ուրախալի էր այն հանգամանքը, որ կատարվող աշխատանքներին մասնակցում էին նաև երեխաները:  

Արտակ Սարգսյանը նույնպես մասնակցեց ծառատունկին` իր որդու հետ միասին տնկելով իրենց համատեղ ծառը: Նա նաև լսեց բնակիչների ցանկություններն ու ակնկալիքները` կապված բակերի բարեկարգման հետագա աշխատանքների հետ և խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել նրանց խնդիրների և ցանկությունների լուծմանը: Արտակ  Սարգսյանը ցավով անդրադարձավ 90-ական թվականներին մեր հանրապետությունում կատարված զանգվածային ծառահատումներին, և նշեց, որ վաղուց արդեն  ժամանակն է փոխելու մեր վերաբերունքը բնության և շրջակա միջավայրի նկատմամբ, այլևս անկարելի է լինել անտարբեր:  «Պարզապես պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրս մեր տեղում կարող ենք, ուժեղ ենք, հնարավորություն ունենք և պարտավոր ենք ինչ-որ բան մեր երկրում, համայնքում, բակում բարեփոխել: Քանի, որ հիմա ծառատունկի ճիշտ ժամանակն է, որոշում ենք կայացրել կանաչապատել և բարեկարգել մեր համայնքի բակերը: Երեխաների համար շատ հարմարավետ է, և առողջության տեսանկյունից ուղղակի անհրաժեշտ, որ բակերում լինեն կանաչ գոտիներ, որոնք ցավոք սրտի առայժմ քիչ են, ուստի այսօր և այսուհետ առավել հաճախակի ենք նախաձեռնելու և իրականացնելու նմանօրինակ աշխատանքներ, մենք էլ մեր հերթին փորձելով վերականգնել տարիներ առաջ ծառահատված տարածքները: Տեղի բնակիչները բոլորն էլ ուրախանում են նմանատիպ նախաձեռնությունների դեպքում և հաճույքով միանում կատարվող աշխատանքներին»: 


«Արտակ Սարգսյան» հիմնադրամի  նախագահ Աստղիկ Հակոբյանն իր հերթին բոլորին կոչ արեց հոգատար լինել շրջակա միջավայրի հանդեպ և ավելացրեց, որ նախաձեռնության նպատակն է բարեկարգման աշխատաքների հետ զուգահեռ նաև դրական լիցքեր հաղորդել բնակիչներին, քանի որ ծառատունկը ինքը համարվում է նոր կյանքի սկիզբ:  


Անհրաժեշտ է նշել, որ «Արտակ Սարգսյան» հիմնադրամը իրականացնում է մնայուն և երկարաժամկետ ծրագրեր: Այդ իսկ պատճատով, մինչև բուն միջոցման մեկնարկը բնապահպանական աշխատանքների ճիշտ կազմակերպման համար Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի գյուղատնտես Մելս Գալստյանի համակարգմամբ ծառատունկին մասնակցող խմբերի ղեկավարների համար անցկացվեցին հատուկ դասընթացներ: Դրանց ընթացքում քննարկվեցին մի շարք մասնագիտական հարցեր` կապված ծառերի ճիշտ տնկման, հետագա խնամքի, կանաչապատման առանձնահատկությունների և աշխատանքների կազմակերպման նրբությունների հետԲացի այդ, որոշ բակերում մինչև օրս իսպառ բացակայում էր ջրամատակարարման համակարգը, ուստի բոլոր բակերում տեղադրվեցին հատուկ ջրցան-մեքենաներ: Դրանք նորատունկ ծառերին կշարունակեն ջուր մատակարարել նաև առաջիկա ամիսների ընթացքում` մինչև ծառերի կայունանալը:



Աշխատանքների ընթացքին հետևելու էր հրավիրվել նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հողերի և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետական տեսուչ Վահագն Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, «Չափազանց ողջունելի է, ես կասեի սա ազգնավեր նախաձեռնություն է, որը բխում է մեր երկրի շահերից»: Ծառատունկի աշխատանքերի իրականացմանը փորձագետը մասնագիտական  բարձր գնահատական տվեց:  



Ծառատունկի և բակերի մաքրման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ. մոտ ապագայում նմանատիպ ծրագրեր իրականացվելու են նաև Կոմիտասի` Վահագն Դավթյանի անվան այգում և Արաբկիրի այլ հատվածներում: