Աջակցություն երիտասարդ մարզիկներին, հունիսի 26, 2011 թ.

Այս տարվա հունիսի 24-26-ը Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված Բասկետբոլի Հանրապետական առաջնություն: Հաջողությամբ հաղթահարելով և նվաճելով առաջին տեղը համայնքային և քաղաքային փուլերում, խորհրդանշական միջոցառմանը մասնակցել և հաղթանակով վերադարձել է Երևանի Մ. Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցի բասկետբոլի թիմը` կազմված 10-րդ և 11-րդ դասարաններում սովորող 12 աշակերտներից: Ի դեպ, վերջիններս այս մրցապայքարին մեկնել են մեծ ուրախությամբ և նոր ոգևորությամբ, քանի որ առաջնությանը մասնակցել են նոր մարզազգեստներով, որոնք ձեռք են բերվել դպրոցի տնօրենի խնդրանքով «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:

Հաղթանակի կապակցությամբ Արտակ Սարգսյանի անունից երեխաներին սրտանց շնորհավորեց և սպորտի ու կյանքի բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ մաղթեց բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Խաչատրյանը: Թիմի անդամներից մեկն էլ, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, ուրախությամբ նշեց, որ կրելով հատուկ մարզազգեստներ իրեց զգացել են կայացած մարզիկների պես:

«Տեսնելով իրենց նկատմամբ Արտակ Սարգսյանի կողմից ցուցաբերված այս մեծ ուշադրությունը բասկետբոլի թիմի կազմում ընդգրկված աշակերտներն առավել մեծ պատասխանատվությամբ են մեկնել Դիլիջան և, ահա արդյունքում` հաղթանակով վերադարձել: ՍԱՍ Գրուպի և բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Սարգսյանն իմ խնդրանքին արձագանքեց անմիջապես, այսպիսով աջակցելով երեխաներին, նա լուծում տվեց վերջիններիս համար ամենակարևոր խնդրին: Բոլոր մասնակիցները նվեր ստացան գեղեցիկ, բարձր որակի և հարմարավետ մարզազգեստներ, ինչի համար երախտապարտ եմ նրան»,- ասաց Երևանի Մ. Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցի տնօրեն Լևոն Հարությունյանը:

Հանրակրթական այս հաստատությունում ֆիզկուլտուրայի դասերն անցնում են «Առողջ մարմնում, առողջ հոգի» կարգախոսի ներքո, և դրանց պատշաճ անցակացմանը մեծ ուշադրություն է դարձվում մանկավարժական ողջ անձնակազմի կողմից: Դպրոցի սաները տարբեր մրցապայքարներում մշտապես արձանագրում են հաջողություններ: Ավելին, ֆիզկուտուրայի ուսուցիչ Համբարձում Նազարյանի հավաստմամբ արդեն իսկ միջազգային տարբեր ֆեդերացիաների կողմից դպրոցի տարբեր թիմերին 3 մարզաձևերի գծով մասնակցության հրավերներ են ստացել: «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի ներկացուցիչները վստահեցնում են, որ նմանօրինակ ծրագրերը, որոնք իրականացվում են երեխաների համար, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են: