Երևանում բացվեց «ԱՐԱԲԿԻՐ» Բարեգործական Ուսուցման Կենտրոնը՝«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո


Հունվարի 18-ին Ավետ Ավետիսյան 112/2 հասցեում տեղի ունեցավ «ԱՐԱԲԿԻՐ» բարեգործական ուսումնական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց ուսուցման ծրագիրը: Բացմանը ներկա էին անվանի հյուրեր`«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը,Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Լևոն Թոքմաջյանը, Սուրեն Խորենյանը,Ալբերտ Մկրտչյանը,Երվանդ Երզնկյանը,Կարեն Աղամյանը,Լևոն Անանյանը, Արտաշես Հովհաննիսյանը և այլոք:

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի «ԱՐԱԲԿԻՐ» անվճար ուսումնական կենտրոնը կծառայի Արաբկիր վարչական շրջանի բոլոր փոքրիկների համար, որտեղ երեխաները կստանան անգլերեն լեզու սովորելու, ինչպես նաև համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Կենտրոնում դասավանդելու են բարձրակարգ մասնագետներ:

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նպատակն է ստեղծել մի կենտրոն, որը կտա այն կարևոր գիտելիքները, որոնք յուրաքանչյուր երեխայի կյանքում կարևոր նշանակություն կունենան, քանի որ թե՛ անգլերենը, թե՛ համակարգիչը մեծ դեր են խաղում ինֆորմացիոն դարաշրջանում:

Կենտրոնի գործունեությունը կնպաստի վաղվա սերնդի կրթության և մասնագիտական որակի բարձրացմանը, կամ ուղղակի ուսյալ հասարակության ձևավորմանը, և սրանով իսկ`ամուր պետություն կառուցելու նվիրական գործին:

Արաբկիր վարչական շրջանի փոքրիկներն ունեն այս դպրոցում անվճար սովորելու բացառիկ հնարավորություն:


Ամանորյա հանդես փոքրիկներին


Արտակ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մեծ և հաճելի անակնկալ էր պատրաստել Արաբկիր վարչական շրջանի  մանկապարտեզներ հաճախող երեխաների համար:
 
Շուրջ 2000 ընտանիքներ ստացան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անվճար տոմսեր, որոնց շնորհիվ հունվարի 4-ին և 5-ին երեխաներն իրենց ծնողների հետ միասին վայելեցին ամանորյա մանկական հետաքրքիր և ուսուցողական մի ներկայացում:  

Եվս մեկ անգամ հաջողվեց մանուկների օրը դարձնել անմոռանալի և հեքիաթային, ուրախ և անակնկալներով լի:

Արտակ Սարգսյանը, հավատարիմ մնալով իր նպատակներին, խոստացավ 2012 թվականին շարունակել նմանատիպ ծրագրերն ու բարեգործական միջոցառումներն` ի նպաստ մեր հասարակության բարօրության: